Правила перебронирования жилья и возврата средств

ԿԱՑԱՐԱՆԻ ՎԵՐԱԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1.      Եթե Հյուրընկալը չեղարկում է ամրագրումը մինչև Հյուրի ժամանումը, վերջինս իրավունք ունի ստանալու ամբողջական գումարի վերադարձ։ Անհրաժեշտության դեպքում Apcasse-ը կօգնի Հյուրին գտնել նմանատիպ Բնակարան/Կացարան մոտավոր նույն գնով (եթե շուկայում կան համապատասխան առաջարկներ):

2.      Հյուրի սկզբնական վճարումը փոխակերպվում է բոնուսի՝ անմիջապես նոր Ամրագրում կատարելը հեշտացնելու համար, սակայն Հյուրն իրավունք ունի անմիջապես պահանջել գումարի վերադարձ նույն վճարման եղանակով, որով կատարել է վճարումը։ Եթե Ամրագրման բոնուսը չօգտագործվի 72 ժամվա ընթացքում, գումարը վերադարձվում է սկզբնական վճարման եղանակով։

3.      Եթե Հյուրը չեղարկում է Ամրագրումը սույն կանոններով սահմանված այնպիսի Խնդիրների առկայության դեպքում, որոնք բացասաբար են ազդում կեցության վրա, ապա վճարված գումարն ամբողջությամբ ենթակա է վերադարձման, սակայն պետք է Հյուրը Խնդրի մասին հայտնի այն հայտնաբերելուց հետո 72 ժամվա ընթացքում, և պարտադիր պետք է ապացուցվի, որ Խնդիրը բացասաբար է ազդել Հյուրի կեցության վրա: Նման դեպքերում Apcasse-ը կօգնի Հյուրին գտնել նմանատիպ Բնակարան/Կացարան մոտավոր նույն գնով (եթե շուկայում կան համապատասխան առաջարկներ):

Վերաամրագրման օգնությունը կամ վերադարձվող գումարի չափը կախված են մի շարք գործոններից, օրինակ՝ Խնդրի լրջությունից, Հյուրի վրա դրա ազդեցությունից, ինչպես է այն անդրադարձել Հյուրի վրա կեցության ընթացքում, ինչպես նաև՝ արդյոք Հյուրը լքել է բնակարանը, թե ոչ։ Հաշվի են առնվում նաև մեղմացնող հանգամանքները և Խնդրի առկայությունը հաստատող ապացույցների համոզիչ լինելը։

4.      Սույն կանոններով սահմանված «Խնդիր» եզրույթը ներառում է հետևյալ իրավիճակները․

4.1.     Հյուրընկալը չեղարկում է Ամրագրումը մինչև ժամանումը,

4.2.     Հյուրընկալը Հյուրին չի տրամադրում մուտք դեպի Կացարան,

4.3.     Հյուրը չի կարողանում զանգահարել կամ որևէ այլ կերպ  կապ հաստատել Հյուրընկալի հետ,

4.4.     ժամանման պահին պարզվում է, որ Կացարանը պիտանի չէ բնակվելու համար, այդ թվում՝ հետևյալ պատճառներով՝

⮚      Կացարանը մաքրված չէ կամ հակասանիտարական վիճակում է,

⮚      Կացարանում առկա է անվտանգության կամ առողջության սպառնալիք,

4.5.     Կացարանը էականորեն տարբերվում է հարթակում ներկայացված նկարագրությունից, այդ թվում՝

⮚      նշված է Կացարանի սխալ տեսակ (օրինակ՝ ամբողջ բնակարան, առանձին սենյակ կամ ընդհանուր սենյակ),

⮚      նշված է սենյակների սխալ տեսակ կամ քանակ (օրինակ՝ ննջասենյակներ, լոգասենյակներ, խոհանոցներ),

⮚      Կացարանի գտնվելու վայրը նշված է սխալ,

⮚      Հայտարարության մեջ նշված չէ, որ Հյուրընկալը, մեկ այլ անձ կամ կենդանին ներկա են լինելու Կացարանում Հյուրի կեցության ընթացքում,

⮚      Հայտարարության մեջ նկարագրված հատուկ հարմարությունները կամ առանձնահատկությունները բացակայում են կամ չեն աշխատում (օրինակ՝ լողավազան, ջակուզի, հիմնական սարքավորումներ, ջեռուցման կամ օդորակման համակարգեր)։

5.      Եթե Հյուրը չի կարողանում զանգահարել կամ որևէ այլ կերպ  կապ հաստատել Հյուրընկալի հետ, ապա այդ մասին պետք է հայտնի Apcasse-ին: Մենք նամակ ենք ուղարկում Հյուրընկալին, եթե վերջինս չի արձագանքում կամ ամեն դեպքում Հյուրը հնարավորություն չի ստանում մուտք գործել Կացարան, ապա  Apcasse-ը չեղարկում է Ամրագրումը, արգելափակում է օրացույցում չեղարկված Ամրագրման ամսաթվերը և կիրառում է տուգանք Հյուրընկալի նկատմամբ «Ամրագրման չեղարկում Հյուրընկալի կողմից» կանոնների համաձայն: Նման չեղարկումը համարվում է Ամրագրման չեղարկում Հյուրընկալի կողմից:

6.      Ինչպես դիմել վերաամրագրման օգնության կամ գումարի վերադարձի համար.

6.1.     Վերաամրագրման օգնություն կամ գումարի վերադարձ ստանալու համար Ամրագրումը կատարած Հյուրը պարտավոր է կապ հաստատել Apcasse-ի կամ Հյուրընկալի հետ խնդիրը հայտնաբերելուց հետո 72 ժամվա ընթացքում։ Դիմումները պետք է ուղեկցվեն համապատասխան ապացույցներով, օրինակ՝ լուսանկարներով, տեսանյութերով կամ Հյուրընկալի հաստատմամբ։

6.2.     Մինչ մեզ դիմելը ցանկալի է, որ Հյուրը տեղեկացնի Հյուրընկալին Խնդրի առկայության մասին և հնարավորության դեպքում փորձի Խնդիրը լուծել անմիջապես նրա հետ։

6.3.     Հյուրն իրավունք ունի նաև դիմել Աջակցության ծառայությանը և պահանջել գումարի վերադարձ՝ ներկայացնելով Խնդրի առկայության վերաբերյալ ապացույցները:

6.4.     Ստացված տեղեկությունների հիման վրա Apcasse-ը կկայացնի համապատասխան որոշում և կհաստատի Խնդրի առկայությունը կամ բացակայությունը:

6.5.     Սույն կանոններով սահմանված ժամկետը բաց թողնելուց հետո Հյուրի դիմում բողոքը ենթակա է քննության, եթե Հյուրն ապացուցում է Խնդրի մասին ժամանակին հայտնելու անհնարինությունը:

7.      Եթե Հյուրընկալը չեղարկում է Ամրագրումը կամ Ամրագրումը չեղարկվում է այլ Խնդրի պատճառով, Հյուրընկալին վճարում չի կատարվում կամ վճարման չափը նվազեցվում է Հյուրին վերադարձված գումարի չափով։

8.      Մենք կարող ենք նվազեցնել վերադարձվող գումարի չափը կամ փոփոխել վերաամրագրման գումարը՝ հաշվի առնելով Հյուրընկալի կողմից արդեն տրամադրված վերադարձը կամ այլ փոխհատուցումը։ Վերաամրագրման օգնության շրջանակում մենք կարող ենք, բայց պարտավոր չենք, վճարել նոր բնակարանի արժեքի մի մասը։

9.      Մենք նաև կարող ենք Հյուրերին հնարավորություն տալ օգտագործել չեղարկված Ամրագրման վճարված գումարը նոր Ամրագրման համար։

10.  Հյուրընկալն իրավունք ունի վիճարկել Հյուրի բողոքը՝ Խնդրի առկայության հետ կապված:

11.  Այս կանոնների շրջանակում մեր որոշումները պարտադիր են, սակայն չեն սահմանափակում պայմանագրով կամ օրենքով նախատեսված այլ իրավունքները։ Հյուրերն ու Հյուրընկալները պահպանում են դատարան դիմելու իրենց իրավունքը։

12.  Հյուրի, նրա ուղեկիցների, հրավիրված անձանց կամ կենդանիների պատճառած խնդիրները չեն ընդգրկվում սույն կանոնների կարգավորման շրջանակներում։

13.  Կեղծ փաստերի վրա հիմնված հաղորդումները խախտում են Ծառայությունների մատուցման պայմանները և կարող են հանգեցնել Օգտահաշվի հեռացման։

14.  Սույն կանոնները ապահովագրություն չեն հանդիսանում, և ո՛չ Հյուրերը, ո՛չ Հյուրընկալները չեն վճարել որևէ ապահովագրական վճար։

15.  Սույն կանոններով նախատեսված բոլոր իրավունքներն ու պարտավորությունները վերաբերում են Ամրագրումը կատարած Հյուրին և Հյուրընկալին և չեն կարող փոխանցվել այլ անձանց։

16.  Սույն կանոնները կիրառվում են գործող օրենսդրությամբ թույլատրելի առավելագույն չափով, ինչը կարող է ներառել այնպիսի երաշխիքներ, որոնց սահմանափակումը օրենքով թույլատրված չէ։ Եթե սույն կանոնները կիրառելի են, ապա սույն կանոնների դրույթները գերակայում են Ամրագրումների չեղարկման վերաբերյալ քաղաքականության նկատմամբ։